Հունիսի 24-ի խաղաղ լուսաբացը Երևանում և արդեն 14 ժամով փակված Բաղրամյան պողոտան առայժմ երեկ Ազատության հրապարակից դեպի նախագահական նստավայր ուղղված ցուցարարների առայժմ միակ հաջողությունն է: Երեկ գիշերը նրանց միացան ԱԺ տասնյակ պատգամավորներ, դերասաններ, երգիչներ, մտավորականներ, հոգևորականներ՝ կենդանի պատ կազմելով ոստիկանության և ցուցարարների միջև: Ոստիկանությունը, այնուհանդերձ, խաղաղ էր տրամադրված: Դժվար է ասել՝ նրանց խաղաղասիրությունը հետևանք էր ցույցի նո՞ր մասնակիցների ներկայության, թե՞ այլ պատճառ ուներ: Առավոտյան ցուցարարները համատեղ ուժերով ավլցեին ու մաքրեցին Բաղրամյան պողոտայի «նվաճված» հատվածը, որտեղ գիշերը բարիկադներ էին կառուցել սև ու տպավորիչ մեծության աղբարկղները պարաններով իրար հանգուցելով: Աղբարկղների վրա հասցրել են նույնիսկ ծաղիկներ շարել: Բաղրամյան պողոտան ազատելու և Ազատության հրապարակ տեղափոխվելու՝ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի հորդորները ցուցարարները մերժեցին, փոխարենը նրանք Բաղրամյան պողոտա են տեղափոխել բարձրախոսներ և արդեն բարկ արևի տակ քոչարի են պարում:
Հունան Պողոսյանը ասաց, որ ոստիկանությունը առայժմ քայլեր չի ձեռնարկի: «Չնայած հավաքը խաղաղ բնույթ կրում, բայց ճանապարհը, որով ակտիվիստները առաջնորդվում են, ճիշտ չէ»,-գտնում է նա: Հունան Պողոսյանը հիշեցրեց, որ գիշերը խոստացել են քաղաքացիներին հատուկ տեխնիկա չկիրառել հավաքը ցրելու նպատակով եւ այդ խոստումը պահում են:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Դատելով այս պահերին Բաղրամյան պողոտայում տիրող տրամադրությունից՝ Բիբինին ու նրա առաջարկի հետևանքները, կարծես, մոռացվել են: Բոլորը սպասում են, բայց արդեն պարզ չէ, թե ինչի:
Փոխարենը շատ ակտիվացել են ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները, նրանք արդեն երրորդ օրն է Հայաստանում ՛՛տեսել են՛՛ հակառուսական ՛՛Մայդան՛՛ և հայտարարում են, որ Երևանում ԱՄՆ դեսպանատան հովանու տակ սկսվել է հերթական գունավոր հեղափոխությունը: Գրեթե նույն հաջորդականությամբ կրկնվում է հունվարին ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի ձեռքով Ավետիսյանների սպանության փաստի ՛՛լուսաբանման՛՛ պատկերը՝ Հայաստանում ոչ ոք ոչինչ չէր ասում՝ ռուսական ԶԼՄ-ները գրում էին, որ Հայաստանում պահանջում են հանել Գյումրու ռազմաբազան: Հիմա էլ՝ Հայաստանում ոչ ոք հակառուսական կոչեր չի հնչեցնում, իսկ ռուսական լրատվամիջոցները համառորեն գրում ու եթերում խոսում են ցուցարարների հակակառավարական ու հակառուսական պահանջների մասին՝ ելնելով այն հանամանքից, որ ՀԷՑ-երն ունեն ռուս կառավարիչ: Ռուսական Ren TV և РТР հեռուստաալիքները նաև հաղորդել են, որ երեկ առավոտյան ոստիկանության և ցուցարարների բախման պատճառը ցուցարարների կիրառած սառը զենքերն էին՝ կաստետներ, դանակներ, մետաղե ձողեր: Բացարձակ ապատեղեկատվության մեջ դեռ չեն հասել մոլոտովյան կոկտեյլներին: Ինչու՞ են արևի տակ տեղի ունեցող ամեն ինչի մեջ ռուսական լրատվամիջոցները տեսնում Ռուսաստանի դեմ ուղղված գործողություններ, դժվար է ասել: Գուցե մեզնից ավելին գիտեն: